Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի պարսկական Գյովհար աղա մզկիթը

Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։

Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում՝ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական Գյովհար աղա մզկիթը։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։