Սև ծովում հերթական նավն է խորտակվել, որում եղել են ադրբեջանցիներ. կա զոհ
Սև ծովում խորտակվել է Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող առևտրային նավ։ Novinite.com կայքի տվյալներով՝ «Խորիվ» անունով նավը խորտակվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։
Միջադեպի հետևանքով մեկ նավաստի մահացել է, 3-ը՝ անհետ կորել, իսկ 9-ին հաջողվել է փրկել։
Նավում ընդհանուր առմամբ եղել է 13 մարդ, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ էին, իսկ 3-ը՝ Ադրբեջանի։
Տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում նավը արձակել է աղետի ազդանշան, ինչը ստիպել է Ռումինիայի իշխանություններին միջամտել։
Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։ Նախնական և չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ նավը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Միջադեպի պահին նավը գտնվում էր Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, բայց երկրի ծովային սահմանին մոտ։

