Մոսկվան Անկարային կոչ է արել նպաստել ԼՂ-ում հրադադարին
Մոսկվան Թուրքիային կոչ է անում օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բուն բանակցությունների մեկնարկի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:
«Համոզում ենք թուրք մեր գործընկերներին՝ այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով»,- նշել է Լավրովն «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաև նշել է, որ Մոսկվան դեմ է ԼՂ հարցը ռազմական եղանակով լուծելուն։
«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության դիրքորոշումը։ Մենք չենք կարող կիսել այդպիսի ձգտումները»,-ասել է նա։

