Մոսկվան Անկարային կոչ է արել նպաստել ԼՂ-ում հրադադարին

Մոսկվան Թուրքիային կոչ է անում օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բուն բանակցությունների մեկնարկի։ Այս մասին հայտնել  է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

«Համոզում ենք թուրք մեր գործընկերներին՝ այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով»,- նշել է Լավրովն «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև նշել է, որ Մոսկվան դեմ է ԼՂ հարցը ռազմական եղանակով լուծելուն։

«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության դիրքորոշումը։ Մենք չենք կարող կիսել այդպիսի ձգտումները»,-ասել է նա։