Աշխարհի, մարդկության քաղցկեղ Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել Իրանին միջուկային հարվածի (տեսանյութ). 2
Հավանականության գնահատականները տարբեր են
Սկիզբը՝ այստեղ
Ինչպես քաղաքական, փորձագիտական շրջանակներում, այնպես էլ լրատվական տիրույթում երեկ և այսօր առավել ուշադրության արժանացած ու քննարկվող թեմաներից մեկն Իրանին ԱՄՆ-ի հնարավոր միջուկային հարվածն է, դրա հետևանքները, նման հարվածի անթույլատրելիությունը: Եվ դա լիովին հասկանալի է, ընդ որում, ոչ միայն միջուկային հարվածից բխող անմիջական վտանգի՝ տարածաշրջանի ռադիոակտիվ աղտոտվածության, այլև այն առումով, որ ավելի քան 90 տարի առաջ նույն ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի առաջին մարտական կիրառումից հետո վերստին այդ ահավոր միջոցի գործածմանը վերադառնալով, ջինը կարող է շշից բաց թողնվել…
Բացի միջուկային զենքի հնարավոր կիրառումից, ինքնին տագնապալի և անթույլատրելի է նաև Իրանին ամերիկա-իսրայելական տանդեմի հարվածներով տարածաշրջանում նոր պատերազմի վերսկսումը: Իրավիճակի լրջության մասին կարելի է դատել ելնելով, թեկուզ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից, որը երեկ հրապարակվել է նախարարության կայքում: Ըստ ՌԴ արտգործնախարարության, Իրանի դեմ ծրագրվող գործողությունների մասին ազդանշանները, Իրանի նկատմամբ ռազմական ակտիվության հավանական վերսկսումը ծայրահեղ անհանգստություն են առաջացնում Ռուսաստանի մոտ։
Դիվանագետը նշել է, որ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ հակամարտությունը նախկինի պես լուծված չէ, այն ռեզոնանսվում ու միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ:
«Ծայրահեղ տագնապ են առաջացնում ազդանշաններն այն մասին, որ Իսլամական Հանրապետության դեմ նոր ուժային ակցիաներ են ծրագրվում»,- հայտարարել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ում անհրաժեշտ են համարում ավելացնել իրավիճակի կարգավորման ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը։ Մոսկվան աջակցում է միջնորդների ջանքերին, աջակցություն է ցուցաբերում բանակցային գործընթացին, ինչպես նաև հաստատում է ինչպես փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու, այնպես էլ դրանց հետագա իրականացման գործում ներդրում ունենալու պատրաստակամությունը, հավելել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է առաջիկա օրերին Իրանին միջուկային հարված հասցնելու որոշում կայացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ճնշման ներքո: Կարլսոնի խոսքով՝ հարվածի հավանական թիրախը Պիկաքս լեռն է, որտեղ, ինչպես պնդում է իսրայելական հետախուզությունը, Իրանը վերսկսել է ուրանի հարստացման աշխատանքները:
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը երեկ արձագանքելով Կարլսոնի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում մեծ ափսոսանքով կարձագանքի, քանի որ հարվածներ հասցնելն ու ռազմական գործողությունները ամերիկացիների և Իրանի, Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը չեն: Խորհրդարանականը շեշտել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում Իրանի հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ։
«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք և նախագահ Թրամփին ամեն անգամ կոչ ենք անում խաղաղ լուծում տալ: Մենք պատրաստ ենք միանալ որպես միջնորդներ»,- հայտարարել է նա։
Ջաբարովը նաև զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորումը օգտակար կլիներ ողջ մերձավորարևելյան տարածաշրջանին։
Ռազմական փորձագետ և ՀՕՊ զորքերի պատմաբան Յուրի Կնուտովը NEWS.ru-ի հետ զրույցի ընթացքում նկարագրել է Իրանի հավանական պատասխանն ԱՄՆ-ի կողմից հնարավոր միջուկային հարվածին։ Նրա գնահատմամբ՝ հարվածի տակ կարող են հայտնվել ամերիկյան ռազմական օբյեկտները Պարսից ծոցում, ինչպես նաև թիրախներն Իսրայելում և Հարավային Եվրոպայում՝ Իտալիայում և Հունաստանում:
Պարբերականի զրուցակիցն ուշադրություն է հրավիրել իրադարձությունների նման զարգացմանը ԱՄՆ-ի ակտիվ նախապատրաստության վրա։
«Հարձակմանը նախապատրաստվելու մասին է խոսում այն փաստը, որ մի քանի օր առաջ խոշորագույն բազաներում 10 տրանսպորտային ինքնաթիռներ բեռնվում էին «Patriot» համալիրների համար հրթիռներով,- ասել է NEWS.ru-ի զրուցակիցը:- Կազմակերպվել է օդային կամուրջ՝ համակարգերն Իսրայել հասցնելու համար։ Թաքեր Կարլսոնը, ով գրել է հնարավոր միջուկային հարվածի մասին, իրավացի է, և ես կիսում եմ նրա տեսակետը»:
Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է մարտավարական միջուկային հարվածն ԱՄՆ-ի համար միակ հնարավոր լուծումը: Ուրանի հարստացման օբյեկտները գտնվում են լեռան տակ նշանակալի խորության վրա։ Նախկինում օգտագործված բետոնահար ռումբերն ի վիճակի չէին ոչնչացնել քարե ապարները: Նրանք միայն արգելափակել են անցուղիները, որոնք հետագայում բացվել են։ Ուրանի հարստացման ցենտրիֆուգները կարող են շարքից դուրս գալ միայն մարտավարական միջուկային զենքով ստեղծված սեյսմիկ ալիքի միջոցով։ Ընդ որում, 15-20 կիլոտոննա հզորությամբ գերհզոր պայթյուն չի պահանջվում։ Բավական է սահմանափակ հզորությամբ սարք ՝ ունակ ոչնչացնելու ստորգետնյա թունելները։
«Նման սցենարի հավանականությունը ես բավականին բարձր եմ տեսնում,- հայտարարել է Կնուտովը:- Իսկ եթե ԱՄՆ-ը սովորական միջոցներ կիրառի, Իրանին ընդամենը մի քանի ամիս կպահանջվի արտադրությունը վերականգնելու համար»։
Շուրջ մեկ շաբաթ առաջ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է Թրամփի հրամանով Իրանին խոշոր հարվածներ հասցնել: Այս մասին, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հայտնել է CNN-ը։ Աղբյուրների խոսքով՝ տարածաշրջանում այժմ բավականաչափ ուժեր են կենտրոնացել հնարավոր հարձակումներն իրականացնելու համար։ Ըստ նրանց, ԱՄՆ-ի նոր ռազմական գործողությունների մասշտաբը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա ստատուս քվոն պարզապես պահպանելու փորձերից: Դրանք այլևս պարզապես հարվածներ չեն լինի ռադարներին և իրանական այլ օբյեկտներին, որոնք կարելի է արագ վերականգնել, ինչպես նախկինում եղավ այն բանից հետո, երբ Թրամփը դադարեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարվա սկզբին:
ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաների պնդմամբ, այժմ հարցն այն չէ, թե արդյոք Թրամփը հրաման կտա՞ գործողություն սկսելու մասին, այլ այն, թե երբ դա կանի: Նրանց կարծիքով, դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի մինչև տարեվերջ, բայց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի Կոնգրեսի նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի վրա նոր հարձակումից հինգ րոպե հեռավորության վրա են, և որ Թրամփն այսպիսով փորձում է փրկել Նաթանյահուին տնից բանտ տեղափոխվելուց։
Ինչպես հայտնի դարձավ երեկ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հոկտեմբերի 31-ին փակ խորհրդակցություն է անցկացրել երկրի զորահրամանատարների հետ: Հանդիպմանը զինվորականներին հանձնարարվել է նոր հակամարտության դեպքում ավելացնել ԱՄՆ-ին և Իսրայելին հարվածների հզորությունը, ինչպես նաև ընդլայնել հարվածների աշխարհագրությունը:
Գերագույն առաջնորդի գրասենյակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ի վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավար Ալի Աբդոլլահիի, բանակի հրամանատար Ամիր Խաթամիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ահմադ Վահիդիի մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեման եղել է Իրանի հնարավոր արձագանքը Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Խորհրդակցությանը Մոջթաբա Խամենեին կարգադրել է «արմատապես թարմացնել ռազմական թիրախների ցանկը»՝ ԱՄՆ-ին և Իսրայելին բացառապես ցավոտ հարվածներ հասցնելու համար:
«Ցանկացած մակարդակի կամ տեսակի ցանկացած սպառնալիք պետք է հանդիպի անհապաղ, արդյունավետ և աշխարհագրորեն անսահմանափակ պատասխանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութը՝ այստեղ

