Որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է՝ առնվազն այս փուլում. Նիկոլ Փաշինյան
Նախ ուզում եմ արձանագրել, որ ըստ էության պետք է մենք հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած, մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ըստ էության: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելևս՝ այս իրավիճակում, ըստ էության, պետք է համարել ավարտված: Ինչո՞ւ:
Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Ի՞նչ է նշանակում՝ փոխզիջում: Փոխզիջում նշանակում է, որ քո նշաձողից, քո դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն՝ նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ դա:
Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է՝ առնվազն այս փուլում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով հետագայում ասել, թե որ փուլում հնարավոր կլինի խոսել հարցի դիվանագիտական լուծման մասին:

