Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական գերատեսչության հաղորդագրությանը:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Լիբիայում և սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։