Լոս Անջելեսի հայերը Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի ճակատին

Լոս Անջելեսում շարունակվում են ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ անաչառ հրապարակումների պահանջով մեկնարկած լայնամասշտաբ, բազմամարդ ցույցերը՝ տեղի հայ համայնքի կողմից: Հիշեցնենք, նրանց են միացել նաեւ բազմաթիվ ամերիկացիներ, հոգեւորականներ, տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, կոնգրեսականներ, հայերին աջակցություն է հայտնել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին:

Լոս Անջելեսի հայությունը Արցախի թիկունքին է, եւ այդ մասին հայտարարում են բողոքի երթով, ավտոերթով, քայլերթով, բազմամարդ հավաքներով ու կոչերով: Այսօր հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ իրենց պահանջներն են հնչեցրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ: Հայերը լուսային էֆեկտով Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով պատերազմում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության կապակցությամբ:

Հարկ է նշել, որ վերջին անգամ նման բազմամարդ հավաքներ են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ:

LAPD-ի տվյալներով, շուրջ 170 000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկած հաղթական երթին Լոս Անջելեսում:  Ամերիկյան գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ դրանք բացառիկ խաղաղ են եւ խաղաղության համար:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բեյբուրթյանն էլ հայտնում է, որ  «Հաղթանակի երթը» Լոս Անջելեսի հայ համայնքի միասնության հզոր դրսևորումն էր՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի: