ՏԿԵ փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով և արդեն ապաքինվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ունեցել ենք հիվանդներ, այս փուլում, եթե չեմ սխալվում, որևէ հիվանդ պետք է չունենանք: Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են, առողջացել, հիմա աշխատանքի մեջ են»,-ասաց Պապիկյանը:
Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք:

