«Աղոթքի նախաճաշին» Մայր աթոռը պատվիրակներ ունի․ տեր Եսայի

Մայր աթոռից «Աղոթքի նախաճաշին» մասնակից պատվիրակներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ներկայացված է Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը»,- նշել է տեր Եսային։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայր աթոռը մասնակցության հրավեր է ստացել։

Նշենք, որ Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը 2018-2022թթ․ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն է եղել, ներկայում ղեկավարում է Գևորգյան ճեմարանի ասպիրանտուրայի բաժինը։

Նա անցյալ տարի ևս մասնակցում էր «Աղոթքի նախաճաշ» համաժողովին՝ ներկայացնելով Հայ առաքելական եկեղեցու հստակ և սկզբունքային տեսակետները, որոնք առնչվում են խղճի ազատությանը և երկրում տիրող իրավիճակին:

Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:

Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկսվել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: