Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Լենինգրադի և Տուլայի մարզերին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Լենինգրադի և Տուլայի մարզերին, հայտնում է Մեդուզա-ն:

Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ «Բեկորների անկման» հետևանքով կոտրվել են բազմաբնակարան շենքի պատուհանները, հրդեհ է բռնկվել երկու առանձնատանը։

Լենինգրադի մարզում դրոնների հարձակման ժամանակ փակվել է Լադոգայի կամուրջը։

Սանկտ Պետերբուրգի բնակիչները, ինչպես գրում է «Բումագա»-ն, հայտնել են քաղաքի տարբեր շրջաններում՝ Կենտրոնական, Պետրոգրադյան, Վասիլեոստրովյան, Պրիմորսկի, Վիբորգյան, Կալինինյան, Կրասնոգվարդեյսկի, Նևսկի շրջաններում հնչած պայթյունների մասին։ Վնասվել է Լիդիա Զվերևայի փողոցում գտնվող «Շուվալովսկի» բնակելի համալիրի վերին հարկերից մեկը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պուլկովո օդանավակայանը չի ընդունել և չի ուղարկել չվերթներ։

Տուլայի մարզում, ըստ Astra-ի և ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ տելեգրամյան ալիքի տվյալների, պայթյուններ են տեղի ունեցել Եֆրեմով քաղաքի սինթետիկ կաուչուկի գործարանի շրջանում։