Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկում են վիզային ռեժիմի պարզեցման հարցը
Ադրբեջանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մեկնելու վիզային ընթացակարգերի պարզեցման հարցը քննարկվել է Բաքվում՝ Ադրբեջանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Լիտվան աջակցում է այդ նախաձեռնությանը։
Նա նշել է, որ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ որոշումը պետք է համատեղ ընդունեն ԵՄ անդամ պետությունները, սակայն յուրաքանչյուր երկրի դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի։
Բայրամովը հույս է հայտնել, որ 2027 թվականի առաջին կիսամյակում ԵՄ խորհրդում Լիտվայի նախագահությունը կնպաստի այս հարցում առաջընթացին։
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսն իր հերթին հաստատել է, որ Վիլնյուսը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ընթացակարգերի պարզեցմամբ։ Նրա խոսքով՝ քննարկումներն արդեն սկսվել են և կարող են նպաստել քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը։
Բուդրիսը նաև նշել է, որ հնարավոր է քննարկել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման հարցը։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա առանձնացրել է էներգետիկան, տրանսպորտային կապերի զարգացումը, Միջին միջանցքի առաջմղումն ու եվրոպական ներդրումների ներգրավումը։

