Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն ունեն խոր պատմական արմատներ
Նոյեմբերի 23-ին Դանիլովյան վանքում՝ Պատրիարքական և Սինոդական նստավայրում, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականության ու հավատավոր ժողովրդի անունից շնորհավորել նրան 80-ամյակի առթիվ։
Սրբազան հայր Եզրասը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները՝ մաղթելով նրան քաջառողջություն, երկարակեցություն և Քրիստոսի Եկեղեցու բարգավաճմանն ուղղված բեղմնավոր ծառայության երկար տարիներ։
Իր շնորհավորական խոսքում Սրբազան հայր Եզրասը շեշտել է, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն ունեն խոր պատմական արմատներ և անքակտելիորեն կապված են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հետ։

