38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը։ Այս մասին նոյեմբերի 16-ին զգուշացրել են ընդհանուր առմամբ 38 երկիր ներկայացնող միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորիչ մարմինները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Արևմտաեվրոպական միջուկային կարգավորիչների ասոցիացիան՝ WENRA-ն, Ճառագայթային պաշտպանության եվրոպական իրավասու մարմինների ղեկավարների միավորումը՝ HERCA-ն, և Հյուսիսային երկրների ճառագայթային անվտանգության մարմինների ղեկավարների միավորումը՝ NORA-ն։ Դրանք ներկայացնում են նաև ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան։

Չեխիայի միջուկային անվտանգության պետական վարչության հրապարակած հայտարարության համաձայն՝ էլեկտրացանցերի և ենթակայանների ուղղությամբ հարվածները խաթարում են միջուկային օբյեկտների անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանները։ Կարգավորիչները մտահոգություն են հայտնել, որ իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել Ուկրաինայի էլեկտրացանցի ամբողջական անջատման։

Ատոմակայանների կայուն էլեկտրամատակարարումը կարևոր է ռեակտորների հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքի համար։ Դրա երկարատև խափանումները կարող են մեծացնել վթարի վտանգը։

Հայտարարության հեղինակները զգուշացրել են, որ վատագույն դեպքում անվտանգության պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտահոսքի՝ հետևանքներ առաջացնելով Ուկրաինայում և հնարավոր է՝ դրա սահմաններից դուրս։

Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել Ուկրաինայի միջուկային օբյեկտների և դրանց անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Միավորումները նաև հայտնել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու միջսահմանային համակարգումն ամրապնդելու մտադրության մասին։