Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, պայթյուն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Թումանյան համայնքում գտնվող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի գազակոմպրեսորային հատվածում, որի հետևանքով վնասվել է շենքը և հարակից երկու տներ, ինչպես նաև կայանված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։