Էջմիածին-Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան նորից կթույլատրվի

Այսօրվանից նորից կթույլատրվի Էջմիածին-Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան։ 

«Երեկ հայտարարել էինք, որ Էջմիածին-Երևան 203 համարը սպասարկող ավտոբուսի երթուղին կրճատվել է և Մատենադարանի փոխարեն կանգնելու է ավտոկայանում ու մեր մարզի բնակիչները 2 անգամ են ստիպված լինելու վճարել, ինչն ավելորդ բեռ է լինելու։ Բոլորիս շնորհիվ, հանրային ճնշման ու քաղաքացիների բարձրացրած ձայնի շնորհիվ Երևան քաղաքի փոքրամասնության իշխանությունները գնացին զիջման և այսօրվանից նորից կթույատրվի 203 համարի ավտոբուսի մուտքը դեպի մատենադարան»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Օրեր առաջ հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ «Կիլիկիա» ավտոկայանն է։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն ասել էր, որ ի սկզբանե այս երթուղին սպասարկող փոխադրամիջոցն իրավունք չի ունեցել հասնել մինչև Մատենադարան, քանի որ պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վերջնակետը պետք է լինի ավտոկայանը։