Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրին։ Փաստաթուղթն ընդունվել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունների աջակցությամբ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Համաձայնագրով նախատեսվում է խորացնել 3 երկրների պաշտպանական և ռազմական համագործակցությունը։ Կողմերը կզարգացնեն համատեղ պաշտպանական ծրագրեր, կփոխանակվեն ռազմական տեխնոլոգիաներով, ինչպես նաև կխթանեն սպառազինության համատեղ արտադրությունն ու հետազոտությունները։ 

Նախատեսվում է նաև համատեղ զորավարժությունների և ուսումնական ծրագրերի անցկացում, ռազմական անձնակազմի փոխանակում, հետախուզական տվյալների փոխանակում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդում։ Կողմերը կկարողանան միմյանց տրամադրել նաև ռազմական տեխնիկա, զինամթերք, վառելիք և այլ նյութատեխնիկական աջակցություն։

Համաձայնագրի շրջանակում կստեղծվի ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե՝ 3 երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների մասնակցությամբ։ Կոմիտեն տարեկան 2 անգամ կհանդիպի՝ համակարգելու համագործակցությունը և վերահսկելու համաձայնագրի իրականացումը։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 3 երկրների ներպետական հաստատման գործընթացների ավարտից հետո։