ՄԻԵԴ-ը մերժել է հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգված և գլխատված Հայկ Թորոյանի գործով վճռի դեմ Ադրբեջանի բողոքը։

Այդ մասին հայտնել է զինծառայողի գործով գանգատ ներկայացրած խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը։

«Հավանաբար բոլորս հիշում ենք, որ այս տարվա հունիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում գլխատված հայ զինծառայողի գործով՝ արձանագրելով Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումները։

Ադրբեջանը բողոք էր ներկայացրել այդ վճռի դեմ՝ ակնկալելով վերանայել արձանագրված խախտումները։ Սակայն նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը։

Փաստացի, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ՝ դառնալով կարևոր նախադեպ նմանատիպ գանգատների քննության համար։

Այս վճիռը ոչ միայն արդարության վերականգնման կարևոր քայլ էր կոնկրետ տուժողների համար, այլև հստակ ուղերձ, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ, իսկ միջազգային արդարադատության միջոցով դրանց արձանագրումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ ապագա խախտումների կանխարգելման համար»,- գրել է նա։