Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։
Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։
Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

