Հայ-ադրբեջանական սահմանազատման հաջորդ փուլը կարող է արտահերթ իրականացվել Սյունիքում՝ ԹՐԻՓՓ-ի հատվածում․ փոխվարչապետ

Շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն Թրիփփ-ի ենթակառուցվածքներին, որ հնարավոր լինի աշխատանքներ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ կառավարությունը, չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը, պատրաստվում է սկսել Սյունիքով անցնող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները, որոնք հետագայում կփոխանցվեն ընկերությանը։

«Հիմա սխեմաներն ենք նայում։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնենք, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ որոշված չէ, թե որտեղով կանցնեն ենթակառուցվածքները։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին՝ Գրիգորյանն ընդունեց, որ աշխատանքները դանդաղել են, նշեց՝ կա կանոնակարգ և իրավական բազա, և աշխատանքն ավելի շատ պետք է լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ (տեղագրական,- խմբ․) քան բարդ իրավական գործընթացներ։