Գլխաշորի մասին վեճը Ադրբեջան-Թուրքիա ավելի խորը պառակտման ախտանիշ է
Mediamax.am-ը երկայացնում է Aliyev’s snub of Turkic summit brings Azerbaijan-Turkey tensions to fore-ի հոդվածի թարգմանությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին չմասնակցեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, թեև թուրք գործընկերը նրան անձամբ էր հրավիրել։ Սա ցույց է տալիս, որ պատմական դաշնակիցների միջև լարվածությունն աճում է՝ ներքին և տարածաշրջանային քաղաքականության հարցերի շուրջ։
Վերջին շաբաթներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են։ Պատճառն այն է, որ թուրք որոշ պաշտոնյաներ քննադատել էին դպրոցներում գլխաշորերի կրումը սահմանափակելու վերաբերյալ Բաքվի որոշումը։
Երկու երկրները տարաձայնություններ ունեն նաև Իսրայելի հարցում։ Անկարան կտրուկ քննադատում է Իսրայելին Գազայի պատերազմի համար, մինչդեռ Ադրբեջանը սերտ կապեր ունի Թել Ավիվի հետ։
Թուրք պաշտոնյաները փորձել են մեղմել լարվածությունը, իսկ Էրդողանը գագաթնաժողովի բացման ելույթում միասնականության կոչ արեց։
«Մեր ընտանեկան լուսանկարում բաժանման, պառակտման կամ հակամարտության տեղ չկա։ Մենք բոլորս մեկ ենք, միասին ենք և, Աստված տա, ընդմիշտ եղբայրներ ենք», – ասաց նա՝ առանց Ադրբեջանի անունը հնչեցնելու։
Գագաթնաժողովին Ադրբեջանը ներկայացնում էր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Էրդողանից հետո ելույթ ունենալով՝ նա չանդրադարձավ լարվածությանը և շնորհակալություն հայտնեց Թուրքիային հյուրընկալության համար։
Այս լարվածությունը սովորական չէ։ Երկու երկրներն իրենց հարաբերությունները բնութագրում են «երկու պետություն, մեկ ազգ» բանաձևով։ Կապերն ավելի են խորացան նրանից հետո, երբ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Երկու երկրները սերտ համագործակցություն են ձևավորել պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։ Անկարան ադրբեջանական բնական գազի խոշոր գնորդներից է։
Նախորդ շաբաթ Էրդողանը պաշտոնից ազատեց իր խորհրդականներից մեկին՝ Օքթայ Սարալին, որը հրապարակավ քննադատել էր գլխաշորերի վերաբերյալ Բաքվի որոշումը։
Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի թուրքական ծրագրի տնօրեն Գյոնյուլ Թոլն ասում է, որ Ալիևի բացակայությունը գագաթնաժողովից դաշնակիցների միջև աճող լարվածության վերջին նշանն է։
««Երկու պետություն, մեկ ազգ» հռետորաբանության ներքո վաղուց էր լարվածություն կուտակվում մի շարք հարցերի շուրջ՝ Ադրբեջանի ինքնիշխանություն, Անկարայի ազդեցությունը Բաքվում, տարբեր քաղաքականություն Իսրայելի նկատմամբ և Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ։ Գլխաշորի շուրջ վեճը ավելի խորը պառակտման ախտանիշ է», – ասել է նա։
Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն հայտարարել է, որ դա կախված կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերից։ Թուրք պաշտոնյաների խոսքով՝ Անկարան սպասում է առաջընթացի այդ ուղղությամբ, որպեսզի կարողանա կոնկրետ քայլեր կատարել, օրինակ՝ բացել Հայաստանի հետ սահմանը։
Թուրքիային ուղղված անուղղակի նախազգուշացումների ֆոնին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու անցանկալի անձ (persona non grata) հայտարարեց՝ սոցիալական ցանցերում Բաքվին քննադատող գրառումների համար։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախորդ ամիս Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ թեև երկու երկրները կարող են ոչ բոլոր հարցերում միակարծիք լինել, նրանք կարող են «նստել և քննարկել մեր խնդիրները»՝ քաղաքակիրթ ձևով, ինչպես վայել է իրենց հարաբերություններին։
«Կարո՞ղ են լինել տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ որոշ հարցերի շուրջ։ Կարող են։ Այդ դեպքում եղբայրները նստում և քննարկում են դա՝ իրենց եղբայրական կապերին համապատասխան», – ասել էր Ֆիդանը։
Այս հոդվածը թարգմանվել և հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

