Հանրային ճնշում կլինի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը. Փաշինյան

Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը իրագործումն է մեր գլխավոր նպատակներից մեկի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նոր Սահմանադրություն ընդունելու թեմայի առիթով ընդդիմության ներկայացուցիչները արեցին որոշակի հարցադրումներ, որոնք քննարկելով հանգել են եզրակացության, որ այդ հարցադրումները լեգիտիմ են և այդ հարցադրումները պիտի ստանան կոնկրետ պատասխաններ։

«Մասնավորապես, խոսքը հետևյալ հարցադրման մասին է, խնդիրը հետևյալն էր, թե երբ ՀՀ-ն ընդունի նոր սահմանադրություն, և երբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի՝ արդյո՞ք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը հարցադրումը լեգիտիմ է համարում։
«Առաջիկայում մեր ջանքերը ուղղված են լինելու հենց այս հարցերի պատասխանը ստանալուն։ Սա թերևս մի թեմա է, որով մենք պետք է զբաղվենք ակտիվորեն և ունենանք շատ կոնկրետ հարցերի պատասխաններ, որովհետև ես կարծում եմ, որ իրավիճակը այս պարագայում դառնում է խիստ ակնհայտ և չափազանց պարզ։

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը, իհարկե, աշխատանքի արդյունքում այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և, իհարկե, համոզիչ պատասխաններ տա, ինչը չի ենթադրում, որ այլևս նոր հարցեր չեն հնչելու, ենթադրվում է, որ կլինեն նոր հարցեր և այդ նոր հարցերին պատասխանները նույնպես կլինեն էական, թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր և հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։

Ուզում եմ նաև հետևյալը ընդգծել, եթե մենք այս հարցերին ունենանք հստակ դրական պատասխաններ, և եթե պարզվի, որ խորհրդարանը և մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղության։

Այդ դեպքում, իմ պատկերացումը հետևյալն է, որ այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի, իսկ հանրային տրամադրությունը, միանշանակ, համոզված եմ, որ կախված է այն պատասխաններից, որոնք մենք կբերենք արդեն իսկ նշված և հիշատակված հարցերին։

Այնպես որ, վերջին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իմ վստահությունը և լավատեսությունը շարունակաբար աճում է։ Սա մի գործընթաց է, որը միանշանակ և աներկբա պսակվելու է կոնկրետ արդյունքով և այդ արդյունքը, իհարկե, Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից բխող արդյունք է»։