Ադրբեջանի դեմ խոսքերի պատճառով Էրդողանը պաշտոնանկ է արել գլխավոր խորհրդականին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հաստատել է, որ Էրդողանը նրան հեռացրել է պաշտոնից։ Լրագրող Թալաթ Աթիլլայի հետ հեռախոսազրույցում Սարալը նաև ասել է, որ իր հեռանալը, ըստ երևույթին, կապված է Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին Աթիլլան հայտնել է X-ի իր էջում։
Աթիլլայի փոխանցմամբ՝ հարցին, թե արդյոք իրեն պաշտոնանկ են արել, Սարալը պատասխանել է․ «Այո՛։ Մենք պաշտոններով չենք պայմանավորված։ Նախագահը նշանակել է ինձ, և նրա հանձնարարությամբ հեռացել եմ։ Ոչ մեկից նեղացած չեմ»։ Երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք պատճառը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններն են, Սարալը պատասխանել է․ «Այո՛, այդպես է թվում»։
Սարալն ավելի վաղ քննադատել էր Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի արգելքը։ Նա սոցիալական ցանցերում անընդունելի էր համարել գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը։

