Հայաստանի հետ քննարկվել է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ մշակելու հարցը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրան վերադառնալուց հետո անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հետ հանդիպումներին։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Նա հայտնել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկվել է երկու երկրների միջև ռազմավարական փաստաթուղթ մշակելու հարցը, և որոշվել է, որ  կողմերի փորձագետներն այս ուղղությամբ բանակցություններ կանցկացնեն։

Անդրադառնալով Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը՝ ԻԻՀ նախագահը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղիները, այդ թվում՝ տրանսպորտային կապերի զարգացումը։ Փեզեշքիանը նշել է, որ կան երթուղիներ, որոնք կարող են Իրանը կապել Եվրոպայի, իսկ Վրաստանը՝ Պարսից ծոցի, Աֆղանստանի, Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։

Նա նաև ընդգծել է, որ Իրանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորություններ կան տնտեսական, մշակութային, սոցիալական և քաղաքական ոլորտներում։

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը COP-17-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Երևան, որտեղ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։