ԵԱՀԿ Մինսկի խումբը կեղծիք էր. Ալիև

1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը կեղծիք էր։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացված Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովում։

Պետության ղեկավարը նշել է, որ ռազմական հանցագործներն ու մանկասպանները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել։

«Այդ ժամանակ Հայաստանի ներկայիս վարչապետը «օկուպացված» Ղարաբաղում հայտարարեց, որ «Ղարբաղը Հայաստան է, և վերջ»։ Այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում այս բոլոր վայրագությունների վրա։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպնդեց իր բանաձևերի կատարման վրա։ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը անընդհատ թիրախավորում էին Ադրբեջանին՝ շարունակական ագրեսիայի զոհին, և խրախուսում էին ագրեսորին՝ Հայաստանին», – ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։