Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք երկու երկրների իշխանությունները հաճախ բնութագրում են «մեկ ազգ՝, երկու պետություն» բանաձևով, հայտնվել են նոր տարաձայնության առաջ։ Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ ծավալված քննարկումը դուրս է եկել կրթական և կրոնական հարցերի շրջանակից՝ վերածվելով երկու դաշնակիցների միջև քաղաքական պատասխանատվության, ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելու սահմանների վերաբերյալ հրապարակային վեճի։
Հակասության առանցքում ոչ միայն Ադրբեջանի աշխարհիկ կրթական քաղաքականությունն է, այլև այն հարցը, թե որքանով կարող է Թուրքիան իրեն իրավունք վերապահել գնահատելու և քննադատելու դաշնակից երկրի ներքին որոշումները։ Բաքվի արձագանքը ցույց է տալիս, որ նույնիսկ սերտ ռազմավարական հարաբերությունների պայմաններում Ադրբեջանը պատրաստ չէ ընդունելու, որ պատմական և մշակութային ընդհանրությունները կարող են հիմք դառնալ իր ներքին քաղաքականության նկատմամբ արտաքին միջամտության համար։
Ինչի՞ց ու ինչպե՞ս սկսվեց լարվածությունը
Վեճի անմիջական պատճառն Ադրբեջանում պետական դպրոցների հագուստի կանոնակարգի փոփոխությունն է։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ սահմանվել է, որ դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ աշխարհիկ կրթության սկզբունքներին չհամապատասխանող լրացուցիչ հագուստի տարրեր չեն թույլատրվում։ Թեև փաստաթղթում ուղղակիորեն չի հիշատակվում գլխաշորը կամ հիջաբը, որոշ դպրոցներում կանոնակարգը կիրառվել է այդ սահմանափակման ձևով։ Հոկտեմբերի 6-ին հագուստի պահանջները տարածվել են նաև ուսուցիչների վրա։ Արդյունքում գլխաշոր կրող աշակերտուհիներին դպրոց չթողնելու դեպքերը բողոքի ալիք են առաջացրել։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում 37 մարդ է ձերբակալվել։
Ադրբեջանի իշխանությունները կանոնակարգը հիմնավորում են երկրի աշխարհիկ պետական կառուցվածքով և հանրակրթության միասնական կանոններ սահմանելու անհրաժեշտությամբ։ Սակայն գործնականում դրա կիրառումը կրոնական ազատության և կրթության իրավունքի վերաբերյալ հարցեր է առաջացրել։ Հենց այս հանգամանքն էլ խնդիրը դարձրել է ոչ միայն Ադրբեջանի ներքին քննարկման, այլև տարածաշրջանային քաղաքական բանավեճի առարկա։
Անկարայի քննադատությունը և Բաքվի կոշտ պատասխանը
Ադրբեջանի հասցեին քննադատություններ են հնչել հատկապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ԱԶԿ-ի (AKP) ներկայացուցիչների և պահպանողական շրջանակների կողմից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հոկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակած գրառմամբ անընդունելի է համարել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ դպրոց չթողնելը։ Նա նշել է, որ կրոնական համոզմունքներով պայմանավորված գլխաշորը չպետք է խոչընդոտ դառնա կրթության իրավունքի իրացման համար, և կոչ է արել Ադրբեջանին վերանայել սահմանափակումները։
Նման դիրքորոշում են արտահայտել նաև ԱԶԿ-ի խորհրդարանական խմբի փոխնախագահ Լեյլա Շահին Ուսթան, պատգամավոր Մյուֆիթ Այդընը և Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահինը։ Նրանց հայտարարություններում գերակշռել է այն միտքը, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի այս քաղաքականությունից։
Սակայն Անկարայի իշխանական շրջանակների ներկայացուցիչների քննադատությունը Բաքվում ընկալվել է ոչ թե որպես առանձին կրթական որոշման շուրջ կարծիք, այլ որպես Ադրբեջանի ներքին քաղաքականության նկատմամբ արտաքին ճնշման փորձ։
Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) հոկտեմբերի 13-ին հայտարարություն է տարածել՝ կոշտ քննադատելով Օքթայ Սարալին և ԱԶԿ-ի պատգամավորներին։ Կուսակցությունը պնդել է, որ թուրքական որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի մասին տարածվում են կողմնակալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ գործընթացը բնութագրելով որպես երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավ։
YAP-ը թուրք պաշտոնյաների հայտարարություններն անվանել է «պոպուլիստական և անպատասխանատու»՝ ընդգծելով, որ դրանք կարող են արհեստական լարվածություն առաջացնել երկու երկրների հասարակությունների միջև։ Կուսակցությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, իսկ նրա կրթական քաղաքականությունը պետք է գնահատվի երկրի սահմանադրական կարգի և իրավական համակարգի շրջանակում։
Երկու երկրների միջև առաջացած լարվածությունը մեղմելու համար հոկտեմբերի 14-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ/ MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Ի տարբերություն ԱԶԿ-ի ներկայացուցիչների և Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի, որոնք քննադատել էին Ադրբեջանում գլխաշորի շուրջ սահմանափակումները, Բահչելին շեշտը դրեց պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ներքին օրենսդրության նկատմամբ հարգանքի վրա։
«Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակում հարաբերությունների հիմքում յուրաքանչյուր անդամ պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և սեփական ներքին օրենսդրության նկատմամբ հարգանքի սկզբունքն է։ Թուրքական յուրաքանչյուր հանրապետություն ինքնուրույն և ինքնիշխան պետություն է»,– նշել է Բահչելին՝ ընդգծելով, որ համագործակցությունը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի, հավասարության և ընդհանուր շահերի հիման վրա։ Նա նաև կոչ է արել խուսափել այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին։
Բահչելիի հայտարարությունն ուշագրավ է ոչ միայն բովանդակությամբ, այլև քաղաքական համատեքստով։ Այն հնչեց Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության՝ թուրք պաշտոնյաներին ուղղված կոշտ արձագանքից մեկ օր անց։ Այսպիսով, Թուրքիայի քաղաքական դաշտում ի հայտ եկավ դիրքորոշում, որը, չվիճարկելով երկու երկրների միջև եղբայրական կապերի կարևորությունը, առաջնային համարեց ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։ Բահչելին, ըստ էության, փորձեց մեղմել լարվածությունը՝ միաժամանակ պաշտպանելով թուրքական պետությունների միջև հարաբերությունների այն ձևաչափը, որը չի ենթադրում մեկ երկրի կողմից մյուսի ներքին որոշումների թելադրում։
Հայտարարության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Բահչելին հանդիպումը պատմական նշանակության է համարել՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ևս մեկ անգամ պետք է ընդգծի երկու երկրների եղբայրության անսասանությունը։ Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից անցնելու է Թուրքիային, ինչը լրացուցիչ քաղաքական նշանակություն է հաղորդում հանդիպմանը։
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի սահմանները
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների քաղաքական խորհրդանիշներից մեկը «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևն է։ Այն արտահայտում է երկու ժողովուրդների «պատմական, լեզվական և մշակութային» կապերը, ինչպես նաև Անկարայի ու Բաքվի միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս բանաձևը չի նշանակում ներքին և արտաքին քաղաքական բոլոր հարցերում դիրքորոշումների նույնություն։
Ադրբեջանի իշխող կուսակցության հայտարարության հիմնական ուղերձներից մեկն այն է, որ եղբայրական հարաբերությունները չեն կարող հիմք դառնալ մեկ պետության՝ մյուսի ներքին որոշումները թելադրելու համար։ YAP-ը Թուրքիային կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը և ներքին գործերը՝ միաժամանակ ընդգծելով, որ իսլամական համերաշխությունը չպետք է վերածվի քաղաքական ճնշման միջոցի։
Այս արձագանքն ուշագրավ է նաև այն պատճառով, որ քննադատությունը հնչել է ոչ թե ադրբեջանական ընդդիմության, այլ հենց Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող կուսակցության կողմից։ Հետևաբար, այն դժվար է դիտարկել միայն որպես հասարակական դժգոհության արտահայտություն․ հայտարարությունն ունի նաև հստակ քաղաքական ուղերձ Անկարային։
Բաքուն փաստացի հիշեցնում է, որ ռազմավարական դաշնակցությունը չի վերացնում երկու պետությունների միջև քաղաքական սահմանները։ Թուրքիան կարող է լինել Ադրբեջանի ամենամոտ գործընկերներից մեկը, սակայն այդ հանգամանքը ինքնաբերաբար չի տալիս նրան ադրբեջանական ներքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ թելադրելու իրավունք։
Հակասության մեկ այլ կարևոր կողմը երկու երկրների աշխարհիկության և կրոնի քաղաքական դերի վերաբերյալ պատկերացումների տարբերությունն է։
Թուրքիայում գլխաշորի հարցը տասնամյակներ շարունակ եղել է ներքաղաքական պայքարի կարևոր թեմաներից մեկը։ Էրդողանի իշխանության օրոք նախկինում գործող մի շարք սահմանափակումներ վերացվել են, իսկ կրոնական ազատությունների պաշտպանության հարցը դարձել է իշխող կուսակցության քաղաքական ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ Այդ պատճառով Ադրբեջանի դպրոցական կանոնների քննադատությունը համահունչ է նաև Թուրքիայի իշխող ուժի՝ սեփական ընտրազանգվածին ուղղված քաղաքական ուղերձներին։
Ադրբեջանի դեպքում, սակայն, աշխարհիկ պետականության սկզբունքը ձևավորվել է այլ պատմական և քաղաքական միջավայրում։ Բաքուն ձգտում է պահպանել պետության վերահսկողությունը կրոնի հանրային դրսևորումների նկատմամբ՝ միաժամանակ ներկայանալով որպես աշխարհիկ պետություն՝ գերակշռող մուսուլման բնակչությամբ։ Այս մոտեցումը չի վերացնում կրոնական ազատությունների վերաբերյալ առկա հարցերը, բայց բացատրում է, թե ինչու է Ադրբեջանի իշխանությունն այս խնդիրը դիտարկում սեփական պետական քաղաքականության շրջանակում։
Այս վեճին զուգահեռ YAP-ն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների շուրջ թուրքական քննադատությանը։ Կուսակցությունը մերժել է Բաքվի արտաքին քաղաքականության վերաբերյալ մեղադրանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի պետականությանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա, և մարդասիրական ու ֆինանսական օգնություն է տրամադրում պաղեստինցիներին։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Բաքվի պատասխանը չի սահմանափակվել դպրոցական կանոններով․ այն ընդգրկել է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական ընտրությունների պաշտպանության հարցը։
Արդյո՞ք սա կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա
Այս փուլում վաղ է խոսել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունների խորքային ճգնաժամի մասին։ Երկու պետություններին կապում են պաշտպանական, տնտեսական, էներգետիկ և տարածաշրջանային շահեր, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական տարաձայնությունը։ Միաժամանակ, հրապարակային փոխադարձ քննադատությունը ցույց է տալիս, որ այդ հարաբերություններում կան նաև զգայուն սահմաններ, որոնց հատումը կարող է լարվածություն առաջացնել։
Անկարայի համար խնդիրը երկակի է․ մի կողմից՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում են պաշտպանել կրոնական ազատությունների վերաբերյալ իրենց քաղաքական դիրքորոշումը, մյուս կողմից՝ նրանց հայտարարությունները կարող են ընկալվել որպես միջամտություն այն երկրի ներքին գործերին, որի հետ Թուրքիան ընդգծում է ռազմավարական եղբայրությունը։
Բաքվի համար ևս առկա է հակասություն։ Ադրբեջանի իշխանությունը պետք է պաշտպանի իր ինքնիշխանության սկզբունքը, բայց միաժամանակ խուսափի Թուրքիայի հետ հարաբերություններում անհարկի սրումից։ Այդ պատճառով YAP-ի հայտարարության կոշտ ձևակերպումները կարելի է դիտարկել նաև որպես Անկարային ուղղված սահմանազատող քաղաքական ուղերձ՝ ցույց տալու, որ դաշնակցությունը չի նշանակում ներքին քաղաքականության հարցերում արտաքին թելադրանքի ընդունում։
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները չեն կարող գնահատվել միայն եղբայրության մասին պաշտոնական հայտարարություններով։ Դրանք միաժամանակ ռազմավարական գործընկերություն են և երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ, որոնց շահերն ու քաղաքական մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են։
Գլխաշորի շուրջ վեճը, հետևաբար, ավելի լայն հարց է բարձրացնում․ արդյո՞ք «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը ենթադրում է նաև քաղաքական դիրքորոշումների նույնություն, թե՞ երկու երկրները կարող են պահպանել իրենց սերտ դաշնակցությունը՝ չհամաձայնելով միմյանց ներքին քաղաքականության հարցերում։
Բաքվի վերջին արձագանքը հուշում է, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է հստակ սահման պահել այս երկու հասկացությունների միջև։ Իսկ Անկարայի հետագա արձագանքը ցույց կտա՝ արդյոք այս հրապարակային տարաձայնությունը կմնա առանձին միջադեպ, թե կդառնա երկու դաշնակիցների միջև ավելի լայն քաղաքական քննարկման պատճառ։
Ուստի հոկտեմբերի 30-ի հանդիպումը կարևոր կլինի ոչ միայն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը գնահատելու, այլև հասկանալու համար, թե ինչպես են Անկարան և Բաքուն հաղթահարելու այս տարաձայնությունը։ Եթե Բահչելիի հայտարարությունը դիտարկվի որպես լարվածությունը զսպելու փորձ, ապա առաջիկա հանդիպումը ցույց կտա՝ արդյոք երկու կողմերը կկարողանան պահպանել ռազմավարական համագործակցությունը՝ առանց միմյանց ներքին քաղաքական որոշումների շուրջ հրապարակային հակադրությունը խորացնելու։
Գլխաշորի շուրջ վեճը, ըստ երևույթին, վերածվել է ավելի լայն հարցի՝ որքանո՞վ կարող է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը համատեղվել երկու ինքնիշխան պետությունների՝ սեփական քաղաքական ուղին ինքնուրույն որոշելու իրավունքի հետ։
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան
Աղբյուր՝ Ermenihaber.am

