«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝ 18-րդ դարի արծաթե լանջախաչը՝ պահպանված Երևանի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուց, 12–13-րդ դարերի Դվինի ջնարակված կավե ափսեն, 10–11-րդ դարերի բրոնզե բուրվառը՝ հայտնաբերված Անիի Գագկաշեն եկեղեցու պեղումների ընթացքում, Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Ա թագավորի (1198–1219) արծաթե կես կրկնադրամը, ներկայացնում են հայկական մշակույթի տարբեր դրսևորումները։
Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանի համագործակցությամբ՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի մասնակցությամբ։ Ցուցադրությունն իրականացվում է CDA Group-ի, Arsen Theofanidis LLC-ի, VISA Concord-ի և Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոսի աջակցությամբ։

