«Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (YAP) դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններից։

Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են «Նոր Ադրբեջան» կուսակցության մամուլի ծառայությունից։

Կուսակցությունը հատկապես անընդունելի է համարել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների շուրջ մեկնաբանությունները։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բաքուն Իսրայելի հետ հարաբերությունները պահպանում է միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի հիման վրա։ Միաժամանակ YAP-ը պնդել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներին և հանդես է գալիս երկու պետությունների սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման օգտին։

«Շատ ցավալի է, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություն են արել ՝ հաշվի չառնելով հարցի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և մեր երկրում կրոնի ազատության իրավական հիմքերը։ Նման հայտարարությունները հակասում են ադրբեջանա–թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են ծառայել հասարակական առումով արհեստական լարվածության ստեղծմանը։

Ադրբեջանի ժողովուրդը պատմության ընթացքում մեծ հարգանքով է վերաբերվել իր ազգային-հոգևոր և կրոնական արժեքներին: Մեր երկրում կրոնի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ: Ադրբեջանի Հանրապետությունը հավասարապես է վերաբերվում բոլոր կրոնների ներկայացուցիչներին և կրոնական բազմազանությունը համարում է մեր հասարակության հարստությունը։

Հուսով ենք, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները ճիշտ հետևություններ կանեն նման անպատասխանատու հայտարարություններից և զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին», — նշվում է հայտարարության մեջ։