250 գիտնականներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին և Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի գիտական համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին ու  կառավարության անդամներին, Ռուբեն Ռուբինյանին և պատգամավորներին։

Բաց նամակում ասված է.

«Վերջին տարիներին գիտության պետական ֆինանսավորման աճը, իրականացվող քաղաքականությունը, Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի և Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումն աննախադեպ քայլեր են Հայաստանում մրցունակ գիտական համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ռազմավարությունը սահմանում է հստակ և հավակնոտ թիրախներ՝ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին, իսկ հանրային հատվածում աշխատաժամանակի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող հետազոտողների թիվը՝ 3012-ից 6000-ի, ընդ որում՝ արդեն 2027 թվականին՝ 4000-ի։

Այս քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են՝ գիտական հրապարակումներում, նոր ենթակառուցվածքներում և հետազոտողների նոր սերնդի ձևավորման մեջ։ Գիտության մեջ ներդրումների լիարժեք արդյունքը տնտեսության զարգացման և պետության կարիքների բավարարման հարցում երևում է տարիներ անց, և մենք դեռ այդ ճանապարհի սկզբում ենք․ առաջին խոշոր բազմամյա դրամաշնորհային ծրագրերն ավարտվում են միայն այս տարի, իսկ մյուսներն ընթացքի մեջ են։ Արդեն կատարված ներդրումների արժեքը մեծապես կախված է նրանից, թե որքան շարունակական կլինեն գիտության զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ֆինանսավորումն առաջիկա տարիներին։

Մինչդեռ 2027 թվականի պետական բյուջեի նախագծում, որին Կառավարությունը հավանություն տվեց հոկտեմբերի 1-ին, գիտության ֆինանսավորումը չի համապատասխանում Ռազմավարության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալին։ «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն աճում է մոտ 5%-ով, իսկ երկու առանցքային ուղղության՝ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը մնում է անփոփոխ՝ 2026 թվականի մակարդակում։ Քանի որ 2026 թվականին ծրագրի ֆինանսավորումը նվազել էր, նույնիսկ այս աճից հետո այն 2027 թվականին չի հասնում 2025 թվականի մակարդակին (33,9 մլրդ դրամ)։ Այսինքն՝ երեք տարվա կտրվածքով աճ չկա։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարելի է արդեն 2027 թվականին հետազոտողների թիվը հասցնել 4000-ի, ձևավորել նոր հետազոտական խմբեր և հայտարարել նոր դրամաշնորհային մրցույթներ։

Առաջիկա տարիներին հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է զգալիորեն և հետևողականորեն աճի, որպեսզի մինչև 2030 թվականը հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին և հիմք ստեղծի ոլորտի շարունակական զարգացման համար։ Եթե 2027 թվականին աճը սահմանափակվի շուրջ 5%-ով՝ անհրաժեշտ առնվազն 35%-ի փոխարեն, ապա հետագա տարիներին պահանջվող աճը պետք է շատ ավելի կտրուկ լինի՝ տարեկան մոտ 50%։ Մեր մտահոգությունը խորացնում է նաև 2026 թվականի փորձը․ բյուջեի լրացուցիչ հավելվածով գիտահետազոտական ծրագրերի և գիտական սարքավորումների համար նախատեսված առնվազն 7 մլրդ դրամը մինչ օրս չի հատկացվել։

Մի շարք մրցույթների գնահատումն արդեն ավարտվել է կամ ավարտման փուլում է։ Դրանց թվում են «Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2026», «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026», «PostDoc-Armenia – 2026» և «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթները, որոնց ընդհանուր հաշվով ներկայացվել է ավելի քան 450 նախագիծ։ Այս ծրագրերի մեծ մասի մեկնարկը նախատեսված էր 2026 թվականին, սակայն դրանց ֆինանսավորման և իրականացման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։

Առանձնապես խոցելի են արտերկրից գիտական ներուժի ներգրավմանն ուղղված երեք ծրագիրը։ Ծրագրերին դիմել են արտերկրում աշխատող ավելի քան 100 հետազոտող՝ Հայաստանի գիտական համակարգին հեռավար միանալու կամ իրենց գիտական գործունեությունն այստեղ շարունակելու համար։ Մրցույթներին մասնակցելու համար սահմանված էին գիտական արդյունավետության և համապատասխան որակավորման բարձր չափանիշներ, հետևաբար խոսքը մրցունակ հետազոտողների ներգրավման իրական հնարավորության մասին է։ Այս ծրագրերի մեկնարկի ժամկետներն արդեն անցել են, բայց մինչ օրս հայտնի չէ, թե երբ և ինչ ֆինանսավորմամբ դրանք կիրականացվեն։

Դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորման անփոփոխ մնալը հատկապես խնդրահարույց է։ Այդ միջոցները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են․ 2025 թվականին դրանց կատարողականը գերազանցել է 95%-ը, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ, և նույն պատկերն են ցույց տալիս 2026 թվականի առայժմ հասանելի տվյալները։ Գնաճի պայմաններում անփոփոխ ֆինանսավորումն իրականում նշանակում է հատկացումների կրճատում։ Բացի այդ, այս միջոցների զգալի մասը նախատեսված է ընթացիկ բազմամյա ծրագրերի համար։ Նոր մրցույթներ հնարավոր կլինի ֆինանսավորել միայն ավարտվող ծրագրերից ազատվող գումարներով։ Նման պայմաններում լավագույն դեպքում կպահպանվի հետազոտական խմբերի ներկայիս թիվը։ Մինչդեռ Ռազմավարությունը նախատեսում է այդ թիվն ավելացնել և ներգրավել ավելի շատ երիտասարդ ու Հայաստան վերադարձող գիտնականներ։

Այս որոշումներն ուղղակիորեն ազդելու են նաև Ակադեմիական քաղաքի վրա, որը կրթության և գիտության ոլորտում Կառավարության առանցքային նախագծերից մեկն է և որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Ակադեմիական քաղաքի իրական արժեքը կախված կլինի ոչ միայն նոր ենթակառուցվածքներից, այլև այնտեղ աշխատող գիտնականների և դասախոսների ներուժից։ Այդ ներուժը ձևավորվում է հենց հիմա՝ նոր հետազոտական խմբերի, երիտասարդ գիտնականների և արտերկրից ներգրավված մրցունակ հետազոտողների շնորհիվ։ Եթե գիտության զարգացումն այսօր դանդաղի, Ակադեմիական քաղաքը կարող է ունենալ նոր ենթակառուցվածքներ, բայց չունենալ բավարար թվով որակյալ հետազոտողներ և դասախոսներ՝ դրանք լիարժեք օգտագործելու համար։ Բուհերի համար նույնպես դժվար կլինի ապահովել արդիական, գիտահետազոտական հենք ունեցող կրթություն։

Այս համատեքստում լրացուցիչ մտահոգություն է առաջացնում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի սեպտեմբերի 29-ի հրաժարականը։ Նա իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ «առկա միջավայրում» և իրեն հասանելի գործիքներով այլևս չի կարող ապահովել բարեփոխումների համար անհրաժեշտ «տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը»։ Անկախ հրաժարականի պատճառներից՝ 2027 թվականի բյուջետային որոշումների և ոլորտի ղեկավարության փոփոխության համընկնումը պահանջում է հստակ և բաց հաղորդակցություն գիտական համայնքի հետ։ Մեր մտահոգությունը վերաբերում է ոչ թե որևէ անձի, այլ գիտության պետական քաղաքականության շարունակականությանը, կանխատեսելիությանը և ռազմավարական նպատակների իրականացմանը։

Հայաստանի գիտական համակարգը դեռևս զգայուն է քաղաքականության կտրուկ փոփոխությունների և ֆինանսավորման անկանխատեսելիության նկատմամբ։ Չհիմնավորված կամ անկանխատեսելի փոփոխությունները կարող են ոչ միայն թուլացնել արդեն ձևավորված խմբերը և խթանել մասնագետների արտահոսքը, այլև նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և վնասել երկրի գիտական հեղինակությանը։ Խաթարված վստահությունն ու վնասված հեղինակությունը վերականգնելու համար կարող է պահանջվել շատ ավելի երկար ժամանակ և ավելի մեծ ռեսուրս, քան այսօրվա ձեռքբերումները պահպանելու և Ռազմավարությանը համահունչ զարգացումն ապահովելու համար։

Ուստի կոչ ենք անում Ձեզ 2027 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեկնարկել արդեն գնահատված նախագծերը և շարունակել ընթացիկ բազմամյա ծրագրերը՝ առանց գիտնականների թիվը կրճատելու։

Ակնկալում ենք նաև, որ Կառավարությունը և գիտության քաղաքականության ու ֆինանսավորման համար պատասխանատու մարմինները գիտական համայնքի հետ բաց և բովանդակալից երկխոսություն կծավալեն։ Կարևոր է հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե արդյոք Կառավարության ծրագրով և Ռազմավարությամբ սահմանված նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհը մնում են անփոփոխ։ Եթե փոփոխություններ են նախատեսվում, դրանք պետք է նախապես և հրապարակայնորեն ներկայացվեն՝ պատճառների բացատրությամբ և հնարավոր հետևանքների գնահատմամբ։

Գիտության քաղաքականությունը կարող է վերանայվել, բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնավորվի և քննարկվի գիտական համայնքի հետ։ Մեզանից շատերն իրենց կյանքի ու աշխատանքի կարևոր որոշումները կայացրել են՝ վստահելով այդ քաղաքականությանը։ Այսօրվա որոշումներից է կախված նաև, թե արդյոք երիտասարդ գիտնականներն ու արտերկրում աշխատող հայ և օտարերկրյա հետազոտողները կկապեն իրենց ապագան Հայաստանի հետ։

Մենք ցանկանում ենք մեր գիտելիքը, ժամանակը և ջանքերը շարունակել ներդնել Հայաստանում՝ մրցունակ գիտություն, գիտելիքահեն տնտեսություն և տեխնոլոգիապես ուժեղ երկիր կառուցելու համար, սակայն պետությունն ևս պետք է նույնքան հետևողական լինի իր հանձնառություններում։ Մրցունակ գիտությունը կառուցվում է միայն վստահության, շարունակականության և կանխատեսելիության վրա»։

Բաց նամակի ներքո ստորագրել են մոտ 250 հետազոտողներ։