ԱՆ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում կայացած դատական նիստում ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը, համաձայն որի՝ քրեական գործերից մեկով (խոսքն Արշակ Սրբազանի գործի մասին է խմբ․) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը։

«Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն, սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- նշեց Կիրակոսյանը։

Ըստ լիազոր մարմնի՝ դատավորը, հիմնվելով գործող իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում։ Դատավորի կողմից բացարկ ընդունելու միջոցով գործի քննությունից խուսափելը, ԱՆ դիտարկմամբ, օբյեկտիվորեն նվազեցրել է դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ հանրության վստահությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։