Ուկրաինան հարվածել է Ռյազանի մարզում «Յանդեքսի» դատա-կենտրոնին և Բաշկորտոստանում «Գազպրոմի» նավթավերամշակման գործարանին

Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերի 8-ի գիշերը հարվածել են Ռյազանի մարզի Սասովո քաղաքում գտնվող «Յանդեքսի» տվյալների մշակման կենտրոնին (դատա-կենտրոն)։ Այս մասին հայտնել են ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը, ВЧК-ОГПУ-ն և Astra-ն։ 

Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է «Սաստա» գործարանի տարածքում, որն արտադրում է մետաղամշակման հաստոցներ և սարքավորումներ է մատակարարում, այդ թվում՝ ռազմարդյունաբերական ձեռնարկություններին։ Ականատեսների նկարահանած կադրերի համաձայն՝ հարձակման հետևանքով օբյեկտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ «Յանդեքսում» հայտնել են «միջադեպի» և մի շարք ծառայությունների ժամանակավոր անհասանելիության մասին։ Օգտատերերը դժգոհել են «Яндекс.Диск» և «Яндекс.Документы» ծառայությունների խափանումներից։ «Կտեղեկացնենք վերականգնման ընթացքի մասին», — նշել են ընկերությունում։ Սասովոյում «Յանդեքսի» դատա-կենտրոնը բացվել է 2011 թվականին։ Քաղաքային վարչակազմի ղեկավար Եվգենիա Ռուբցովան 2022 թվականին նշել էր, որ ընկերությունն այնտեղ 11 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 6 միլիարդ ռուբլի:

Անցած գիշեր թիրախում է հայտնվել նաև Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանը, հայտնել է ուկրաինական Exilenova+ ալիքը։ Ականատեսների լուսանկարների և տեսանյութերի հիման վրա Astra-ն պարզել է, որ ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Գործարանը տարեկան վերամշակում է մինչև 10 միլիոն տոննա ածխաջրածնային հումք և արտադրում ավելի քան 150 անուն ապրանքատեսակ, այդ թվում՝ ավտոբենզին, դիզելային վառելիք, մազութ, բիտում, պոլիէթիլեն, ստիրոլ և ամոնիակ։ Ավելի վաղ ձեռնարկությունը ևս ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներին․ վերջին անգամ հրդեհ էր բռնկվել օգոստոսի 13-ի հարձակումից հետո, իսկ հուլիսի 14-ի հարվածի հետևանքով նավթի վերամշակումն ամբողջությամբ դադարեցվել էր։ 2023 թվականին անօդաչու սարքերը վնասել էին ՆՎԳ-ի հումքի առաջնային վերամշակման տեղակայանքները։