Իշխանությունը «խաղում է քյարփինջ», իսկ ինչ խաղ է առաջարկելու ընդդիմությունը
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Ներեցեք, բայց խոսեմ մի քիչ «բակային» լեքսիկոնով, թեև խոսքն իհարկե վերաբերում է բավականին հին պատմություն ունեցող, ու նաև անարդարացիորեն թերագնահատվող թղթախաղի՝ «բլոտին»։ Շատերը լսած կլինեն՝ «չունես ոչի՞նչ՝ խաղա «քյարփինջ»։
Ինչո՞ւ եմ բերում այս խիստ բակային օրինակը։ Որովհետև կառավարող ՔՊ–ն գործում է խիստ բակային տրամաբանությամբ, նա իր այսպես ասած ներքին վարքագիծը կառուցում է խիստ բակային, «բեսետկային» տրամաբանության ու մշակույթի ապավենով։ Որովհետև՝ չունի ոչինչ։ Չունի ոչ մի այլ բան, չունի հանրությանն առաջարկելու որևէ այլ բովանդակությունը։ Նրա բովանդակային առավելագույն առաջարկը՝ Ադրբեջանի պատկերացումով «խաղաղությունը», այլևս իրացված է առավելագույնով, ու նաև՝ հենց Ադրբեջանի ձեռամբ պայթեցվում է պարբերաբար։
Եվ չկա ուրիշ ոչինչ, ու կառավարող ուժը ինքնապահպանման, իշխանության պահպանման բնազդից ելնելով «խաղում է քյարփինջ», պարբերաբար։
Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչ խաղ է առաջարկելու ընդդիմությունը։ Ընդդիմությունը միշտ խաղալու է իշխանության «քյարփինջին» պատասխանելու տրամաբանությամբ, թե՞ ինքն ունի հանրությանն առաջարկելու այլ բովանդակություն, այլ խաղ, և որը առհասարակ փոխելու է Հայաստանում ու դրա շուրջ քաղաքական խաղի տրամաբանությունը։ Ու այստեղ է, որ մենք նախընտրական շրջանից սկսած տեսել ենք, որ ընդդիմությունը պատկերացնում է խաղը փոխելու անհրաժեշտությունը, պատկերացնում է այլ բովանդակությամբ և տրամաբանությամբ խաղ առաջարկելու, թելադրելու անհրաժեշտության գիտակցումը, ունի դրա հնարավորությունը՝ էապես նաև Սամվել Կարապետյանի կարևոր ներգրավմամբ, և ընդ որում արդեն իսկ արձանագրում է փոփոխության առաջին հանգրվանը՝ խորհրդարանի ընտրության միջանկյալ հաջողությունը։
Ու դրանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ առավել մեծ ինտենսիվությամբ է կառավարող ուժը ձեռնմուխ եղել դաշտը «քյարփինջներով» ողողելուն։ Եվ սա է ներկայիս քաղաքական շրջափուլի ըստ էության ճակատագրական, վճռորոշ պահը։ Փոխել խաղը հետևողականորեն, սկզբունքորեն, սառնասրտորեն։
Ընդդիմությունը լավ է անում՝ ելույթների միջոցով փորձում է օրակարգը հրահրված «ռազբորկայից» վերադարձնել գոյություն ունեցող մարտահրավերներին։ Պետք է անել դա ակտիվ, ինտենսիվ, հետևողական և դիպուկ։ Նաև մատնացույց անելով, որ «ռազբորկաները» հրահրվում են օրակարգից շեղելու համար»։

