ԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդակցական կոմիտեի նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն առնչվող հարցեր։

Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և հրավիրված փորձագետներ։

Օրակարգի հիմնական հարցը 2027-2029 թվականների համար տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստումն էր։

Քննարկվել են նաև 2024-2026 թվականների գործող ճանապարհային քարտեզի և «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների ընթացքը։

Բացի այդ, հավանության են արժանացել եվրասիական տրանսպորտային միջանցքների ավտոճանապարհներին օդերևութաբանական և ճանապարհային տվյալների հավաքման ու փոխանակման կարգի նախագծերը, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների խնդրահարույց հատվածների ցանկը։