Արցախում կատարվածը էթնիկ զտում է՝ պարզ և հստակ, բայց կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործությանը. Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի անգործության մասին՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ 

Նա ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը միջազգային հանրությունը պասիվ դիտորդի կարգավիճակում էր Արցախում տեղի ունեցողի նկատմամբ։

Վարդևանյանը հիշեցրել է, որ ՄՔԴ-ի իրավազորության տակ ընկնող Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ դատարանի կողմից անհրաժեշտ գործողություններ չեն իրականացվել։

«Միջազգային հանրությունը պարտավորվել է, որ ողջ մարդկության մտահոգությունը հարուցող ամենածանր հանցագործություններն անպատիժ չեն մնա։ Բայց այսօր մենք պետք է խոսենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանին սպառնացող հնարավոր վտանգների, այլև հենց դատարանի ներսից եկող վտանգի՝ անգործության մասին»,- ասել է նա։

«2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր բռնի կերպով վտարվել են իրենց տներից։ Դա էթնիկ զտում է՝ պարզ ու հստակ։ Բայց մենք կրկին ականատես եղանք Միջազգային քրեական դատարանի անգործությանը։ Եվ կարծում ենք, որ նման ընտրողական անգործությունն անընդունելի է՝ ո՛չ ՄՔԴ-ի, ո՛չ էլ միջազգային հանրության համար»,- ասել է Վարդևանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղության և երկրների միջև խաղաղ հարաբերությունների օգտին, սակայն կայուն խաղաղությունն անհնար է առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվության։

«Մենք հավատում ենք իրական խաղաղությանը։ Մենք հավատում ենք խաղաղության մեր երկրների միջև։ Բայց ես լիովին տեղեկացված եմ և լիովին վստահ, որ միջազգային հանրությունը հասկանում է՝ իրական խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության»,- ասել է պատգամավորը։

Ելույթն ավարտելով՝ Վարդևանյանը միջազգային ինստիտուտներին կոչ է արել առաջնորդվել միասնական սկզբունքներով և ընդգծել է իրավունքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը։

«Իրավունքի գերակայությունը պետք է հաղթանակի»,- հայտարարել է նա։