Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման. պատիժը պայմանականորեն չկիրառվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի կայացրած դատավճռով Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման՝ երկու տարի ժամկետով: Դատարանը մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակեց: Վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ:

Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Էդգար Ղազարյանին և 3 տարի ժամկետով թույլ չտալ զբաղվել հանրային գործունեությամբ:

Ավելի վաղ դատարանը կայացրել էր մեղադրական վերդիկտ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել էր «Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ»: