Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։ Այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։ «Միջոցառմանը մասնակցում էր 47 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից։ Սկզբում իր հավաքածուն ներկայացրեց Լյուքսեմբուրգից ժամանած մի դիզայներ, որը, եթե չեմ սխալվում, թագավորական ընտանիքից էր, այնուհետև ես ներկայացրի իմ հավաքածուն, որը տպավորեց բոլորին։ Հավաքածուն բաղկացած է մի շարք հագուստներից, սակայն այս անգամ ցուցադրեցինք 16-ը։ Ե՛վ հագուստները, և՛ աքսեսուարները մեծամասամբ ձեռքի աշխատանք են, որոնց հեղինակը ես եմ։ Ցուցադրությունը ներկայացրինք թատերականացված բեմադրության տեսքով։ Բեմադրությունը ևս ես եմ արել։ Միշտ էլ փորձում եմ նոր ձևաչափով, նոր գաղափարներով հանդես գալ։ Իտալիայում հենց դա արժևորեցին՝ մոտեցումը, հագուստների կտորը, ձեռագործ աշխատանքը, որը բարձր է գնահատվում։ Ամբողջական աշխատանքը հիացմունք պատճառեց ներկաներին»,-նշում է Հարությունյանն ու հավելում՝ ինչպես ավելի վաղ Նյու Յորքում, այնպես էլ Միլանում իր հավաքածուն ցուցադրել է «Հող» խմբի երաժշտության ներքո, ինչը ևս գրավիչ է եղել։ 

Յուրաքանչյուր ցուցադրություն անելիս Աննա Հարությունյանն աշխատում է տարբեր ազգերի մոդելների հետ։ Այս անգամ համագործակցել է բրազիլացի, իտալացի, ռումինացի, ռուս, էստոնացի մոդելների հետ։ Ներկայացումն ամբողջացրել է հենց իր մասնակցությամբ։ Հարությունյանը ևս հանդես է եկել որպես մոդել, ինչը հազվադեպ է այս ոլորտում։ «Ժյուրին ևս միջազգային կազմ ուներ։ Շատ հաճելի էր, որ նրանք խոսում էին հավաքածուի ինքնատիպությունից, ասում, որ հրաշալի շոու ենք ներկայացրել։ Մասնակցում էր հիսուն երկիր, և յուրաքանչյուրը հետաքրքիր հավաքածուով էր ներկայանում, սակայն ես գիտեի, որ մեր անկեղծությունը կգնահատվի։ Երբեք չեմ կեղծում. ո՛չ ինձ եմ խաբում, ո՛չ հանդիսատեսին»,-շեշտում է նա։