«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ավելի վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի էին տարհանվել ոստիկանության, մաքսային ծառայության աշխատակիցներն ու քաղաքացիները, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։

Տարածքի մասնագետների ուսումնասիրությունից հետո վտանգի մակարդակը զրոյի է իջեցվել, և սահմանային անցակետում բեռնատարների, մարդատար մեքենաների ու քաղաքացիների տեղաշարժը երկու ուղղություններով ամբողջությամբ վերականգնվել է։