ՄԱԿ-ում Իրանի հետ կապված բանաձևը մերժվել է ՌԴ-ի և Չինաստանի վետոյի պատճառով

Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերի 17-ին վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում էր շարունակել Իրանի դեմ 2025 թվականին միջուկային ծրագրի պատճառով վերականգնված պատժամիջոցների մոնիթորինգը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները դեռևս ուժի մեջ են և, ի թիվս այլ միջոցառումների, դրանց համաձայն սառեցվում են Իրանի արտասահմանյան ակտիվները, դադարեցվում Թեհրանի հետ զենքի գործարքները, և պատիժ է սահմանվում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացման համար։

Օգտագործելով Իրանի և խոշոր տերությունների միջև 2025 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից մեկը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ակտիվացրել էին պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը կոչվում է «snapback», և 2025 թ. սեպտեմբերի 27-ին վերականգնել էին Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Դրա շրջանակում ՄԱԿ-ի փորձագետների խմբին լիազորվել էր վերահսկել պատժամիջոցների իրականացումը։

Միացյալ Նահանգները մշակել էր բանաձև՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի մանդատը մեկ տարով երկարաձգելու համար։ Առաջարկը մերժվել է ձայների 11-2 հարաբերակցությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով, իսկ Սոմալին և Պակիստանը ձեռնպահ են մնացել։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին և Ռուսաստանին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի վրա վետո դնելու համար՝ սոցիալական ցանցերում նշելով, որ այդ երկրները «կանխեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հերթական ցինիկ փորձը՝ օգտագործելու Անվտանգության խորհուրդը սեփական քաղաքական նպատակների համար»։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ջենիֆեր Լոսետան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չեն զարմացրել այդ վետոները, քանի որ բանաձևի ընդունման դեպքում փորձագետները «լույս կսփռեին» Իրանի և նրա գործընկերների միջև արգելված համագործակցության վրա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կրկին հայտարարել է Մոսկվայի այն դիրքորոշման մասին, որ Իրանի դեմ «snapback» մեխանիզմի կիրառումն անօրինական էր, և, հետևաբար, փորձագետների խմբի մանդատը երկարաձգելու մասին բանաձևը «խիստ թերի էր և չուներ որևէ իրավական հիմք»։

Նեբենզյայի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը հորդորել էին ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին բանաձևը քվեարկության չդնել, քանի որ դա միայն կսրեր լարվածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, սակայն Վաշինգտոնը «նախընտրեց առճակատման ուղին»։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, որ ներկայում նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշել է, որ պատժամիջոցների կիրառումը «կարևորագույն գործիք է՝ դրդելու Իրանին» վերադառնալ իր միջուկային պարտավորությունների կատարմանը։