ԱՄՆ-ն Լուսնի համար մարտեր վարելու ռազմական կարողություններ չունի. աստղագիտության պրոֆեսոր

ԱՄՆ-ն, հակառակ բանակային հրամանատարների այն պնդումներին, թե պատրաստ են մերձլուսնային տարածքում մարտական գործողությունների, ռազմական հնարավորություններ չունի բնական արբանյակի վրա կամ դրա մերձակայքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ջեյմի Մեթյուսը։

Ավելի վաղ ԱՄՆ Պենտագոնի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Դեն Քեյնը հայտարարել էր, թե «ժամանակակից ռազմադաշտը ձգվում է ծովի հատակից մինչև մերձլուսնային տարածություն», և ամերիկյան ուժերը պատրաստ են մարտնչել այնտեղ։ Դրանից առաջ ԱՄՆ ՌՕՈւ նախարար Թրոյ Մեյնքը պնդել էր, թե Վաշինգտոնն ունի բավարար քանակությամբ ուղեծրային սպառազինություն՝ սեփական զորքերը պաշտպանելու համար։

«ԱՄՆ-ն չունի նման տեխնոլոգիաներ, առնվազն առայժմ։ Նրանց հնարավորությունները սահմանափակվում են Երկրի ցածր ուղեծրով։ Լուսնի վրա կամ դրա մոտ նրանք ոչինչ չունեն»,- նշել է Մեթյուսը։

Պրոֆեսորը հավելել է, որ Քեյնի հայտարարությունը չի ընկալում որպես Լուսնի զավթման նախապատրաստություն։
Մեթյուսի խոսքով՝ միջազգային հանրությունն արդեն իսկ արտահայտվել է տիեզերքի ռազմականացման դեմ։