Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 54
Սկիզբը՝ այստեղ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունն համաշխարհայինի վերածվելու վտանգի մասին:
Ուկրաինական հակամարտությունը կարող է վերաճել համաշխարհային հակամարտության։ Մեդվեդևը հնարավոր է համարել իրադարձությունների զարգացման նման հավանականությունը: Նրա գնահատմամբ՝ իրադարձությունների այդպիսի զարգացման ռիսկը պահպանվում է։
«Իհարկե, մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի,- ասել է քաղաքական գործիչը «Ведомости»-ին տված հարցազրույցում։- Այն պետք է ավարտվի մեր պայմաններով, որպեսզի կանխվի ապագայում հակամարտության հնարավորությունը, այն չվերածվի համաշխարհային հակամարտության։ Արդյոք կա՞ նման հավանականություն (համաշխարհային հակամարտության մեջ մտնելու)։ Ցավոք, այո: Եթե մենք ինչ-ինչ պատճառներով մեր պայմաններով չհասնենք հակամարտության ավարտին, ապա այն կվերակենդանանա կարճ ժամանակահատվածից հետո»:
Ավելի վաղ Life.ru-ն գրել էր, որ Մեդվեդևը Ռուսաստանի և մի շարք արևմտյան երկրների միջև դիմակայությունը գլոբալ և համակարգային է անվանել: Ընդ որում, նա ընդգծել է, որ ռազմական գործողությունները դեռ ձեռք չեն բերել գլոբալ բնույթ, և հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա:
2024 թվականի հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր Մոսկվայի պայմանները հրադադարի համար, որոնց թվում՝ ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից, դրանց և Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի կազմում, Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը, Ուկրաինայի ապառազմականացումը և ազգայնամոլական, նեոնացիստական ուղեգծից հրաժարումը, Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացումը:
Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ Արևմուտքի երկրները «հետագայում ևս ցանկացած հնարավորության դեպքում կփորձեն խարխլել մեր երկրի հիմքերը, պարզապես կփորձեն այն բաժանել մասերի»:
«Ուստի մեր խնդիրն է գոյություն ունեցող հակամարտությունն ավարտել մեր պայմաններով, մեր հաղթանակով»,- ընդգծել է Մեդվեդևը:
Ռուսաստանը երբեք չի լինի Երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնողը. այս մասին հուլիսին «Weltwoche»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք միջոցներ կձեռնարկենք սեփական անվտանգության համար, բայց երբեք չենք սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է՝ համաշխարհային պատերազմ սկսելու համար:
«Բայց երբ պատերազմը սկսվում էր մեր դեմ, մենք պատասխանում էինք մինչև վերջ»,- հիշեցրել է նա պատմությունը Հայրենական մեծ պատերազմի և ոչ միայն…
Պեսկովը նաև հայտարարել է, որ Եվրոպայի ռազմականացումը Ռուսաստանին կստիպի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման համար:
2025թ. ապրիլին Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Ռուսաստանի պատմական տարածքներում» որպես խաղաղապահներ օտարերկրյա զինվորականների տեղակայումը կարող է հանգեցնել Մոսկվայի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման, իսկ հետագայում՝ Երրորդ համաշխարհային պատերազմի։
«Ավելի ճիշտ կլիներ նման զորակազմն անվանել ինտերվենցիոներներ կամ օկուպանտներ»,- ասել էր նա:
ՆԱՏՕ-ի երկրները 2025թ. պայմանավորվել են մինչև 2035թ. բարձրացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 5%-ի դեմ, այսինքն՝ երկուսուկես անգամ կրկնապատկել: Այս ֆոնին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է «պատրաստվել վատագույնին».
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների հետ պատերազմելու «ոչ մի պատճառ, ոչ մի հետաքրքրություն չունի՝ ոչ աշխարհաքաղաքական հետաքրքրություն, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմական»։ Արևմտյան երկրների վրա հնարավոր հարձակման մասին հրապարակումները նա «անհեթեթություն» էր անվանել։ Մինչդեռ, ՆԱՏՕ-ի եթե չասենք բոլոր, ապա գրեթե բոլոր երկրներն այժմ այս կամ այն կերպ կռվում են Ռուսաստանի դեմ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

