Ֆիդանն ու Բայրամովը կքննարկեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ից 16-ը կմեկնի Ադրբեջան։ Թուքրիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ. գրում է ermenihaber.amը:

 Նախատեսվում է հանդիպում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմարդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում շարունակվող համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերը։

Օրակարգային հարցերի թվում է լինելու նաև երկու երկրների միջև առևտրի ընդհանուր ծավալը 15 մլրդ դոլարի հասցնելու հարցը և «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) համագործակցության հարցը։

Նախատեսվում է, որ կքննարկվի նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Ֆիդանը կհայտնի, որ պատմական պահ է ստեղծվել երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Ակնկալվում է, որ Ֆիդանը կհայտնի Թուրքիայի աջակցությունը կողմերի միջև լավ բարեկամական հարաբերությունների հաստատման վերաբերյալ և գոհունակությամբ կողջունի արձանագրված դրական զարգացումները։