Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է մեկ ժամ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մտքեր են փոխանակել Սպիտակ տան բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների վերաբերյալ:
Ռուսական կողմի տվյալով՝ Պուտինը հստակեցրել է, թե ինչ կարող են անել ամերիկացիները՝ ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման համար:
Ուշակովի խոսքով՝ Թրամփը ցանկանում է իր նախագահության ընթացքում առաջընթաց տեսնել ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ։ Նա շեշտել է պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը, ինչը կարող է հեռանկարներ բացել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման համար: Պուտինն էլ աջակցություն է հայտնել կառուցողական գործընկերություն կառուցելու՝ Թրամփի տրամադրվածությանը։ Կրեմլի ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի:
Նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ թվում՝ հումանիտար հարցերով:

