ԱՄՆ-ը Կիևին խաղաղության ավելի վատ պայմաններ է առաջարկել

Վաշինգտոնը Կիևին ռազմական գործողությունների դադարեցման ավելի վատ պայմաններ է առաջարկում։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների՝ Ուկրաինա այցից հետո։

«Սա ոչ թե առաջընթաց էր, այլ նրանք եկել էին նույնիսկ ավելի վատ պայմաններով, քան մենք ունեինք նախկինում: Ինչ-որ մեկը չի ցանկանում դուրս գալ Դոնբասից, բայց Դոնբասը հանձնում են։ Պարզապես դա արվում է պաշտոնապես գեղեցիկ ձևով», — ասել է նա YouTube-ի եթերում։

Սկորոխոդը դժգոհել է, որ այժմ ԱՄՆ-ը Ուկրաինայից պահանջում է ճանաչել կորցրած տարածքները և փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ։

Կիրակի օրը Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի թարմացված տարբերակներ են բերել Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններին։ Նույն օրը Զելենսկին հայտարարել է, որ շարունակում է դեմ լինել խաղաղ համաձայնագրի դիմաց Դոնբասը հանձնելուն։ Փոխարենը նա կոչ է արել ԱՄՆ-ին հաջորդ տարի ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը՝ Կիևին լրացուցիչ համակարգեր մատակարարելու նպատակով։

Շաբաթ օրը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։

Բանակցությունների արդյունքներով Ուիթքոֆը հայտարարել է, որ հույս ունի անցկացնել ուկրաինական կարգավորման հարցով եռակողմ բանակցություններ։