21 երկրում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնnւթյան․ ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ 21 երկրում 12-17 տարեկան շուրջ 20 միլիոն երեխա՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության առնվազն մեկ ձևի։
Երեխաների աչքերով․ ինչպես են թվային տեխնոլոգիաները նպաստում երեխաների նկատմամբ սեռական բռնությանը զեկույցը համադրում է երեխաների վկայությունները և հասանելի հարցումների տվյալների ամենածավալուն շտեմարաններից մեկը՝ ահազանգելով երեխաների նկատմամբ սեռական բռնության և ոտնձգության լայն տարածում ունեցող միտման մասին, որը տեխնոլոգիաների միջոցով դրսևորվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում։
Զեկույցի գնահատմամբ՝ ավելի քան 15 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի սեռական բնույթի բովանդակության, 9 միլիոն երեխայի իրենց կամքին հակառակ առաջարկվել է մասնակցել սեռական բնույթի զրույցների կամ կիսվել սեռական բնույթի պատկերներով, իսկ 4 միլիոն երեխայի սեռական բնույթի պատկերները տարածվել են առանց նրանց համաձայնության։ Սակայն խնդրի իրական մասշտաբը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները հաճախ չեն հայտնում իրենց հետ տեղի ունեցածի մասին։
«Զեկույցը բացահայտում է ցավալի իրականություն։ Ուսումնասիրված երկրներում ավելի քան 20 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի բացահայտ սեռական բնույթի բովանդակության կամ առցանց ոտնձգության՝ հաճախ այն թվային միջավայրերում, որտեղ նրանք սովորում են, խաղում և շփվում ընկերների հետ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։
Զեկույցում նշվում է, որ դեպքերի գրեթե 60 տոկոսը տեղի է ունեցել սոցիալական մեդիայի հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում, Instagram-ում, Snapchat-ում, TikTok-ում և WhatsApp-ում, իսկ դեպքերի 14 տոկոսը՝ առցանց խաղեր խաղալիս։ Երեխաների վստահությունը շահարկելու նպատակով օգտագործվել են այդ հարթակների հնարավորությունները, գործառույթներն ու դիզայնը։ Մոնտենեգրոյում հաղորդված դեպքերի ավելի քան 80 տոկոսը կապված է եղել սոցիալական մեդիայի հարթակների հետ, իսկ Կոլումբիայում՝ ավելի քան կեսը։
Ուսումնասիրված երկրներում դեպքերի 57 տոկոսում բռնություն գործադրողը երեխային արդեն ծանոթ անձ է եղել՝ այդ թվում հասակակից, սիրային հարաբերությունների մեջ գտնվող անձ, ընկեր կամ ընտանիքի անդամ։ Սա կասկածի տակ է դնում այն տարածված պատկերացումը, թե առցանց բռնությունը հիմնականում իրականացվում է անծանոթների կողմից։ Երեխաների միայն 38 տոկոսը բռնություն գործադրողին առաջին անգամ հանդիպել է առցանց։ Տվյալները նաև ցույց են տալիս, թե ինչպես կարող են, օրինակ, կեղծ հաշիվներն ու անձնական հաղորդագրությունների գործառույթները նպաստել բռնության իրականացմանը։
Տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգություններն ու բռնությունը կարող են խորապես ազդել երեխաների հուզական բարեկեցության, ապահովության զգացողության և այլ մարդկանց նկատմամբ վստահության ունենալու վրա։ Հետազոտության շրջանակում անցկացված հարցազրույցներում երեխաները հաճախ խոսել են վախի, ամոթի, շփոթության և մեկուսացման զգացումների մասին։ Շատերը դժվարացել են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ կամ որտեղ կարող են աջակցություն ստանալ։
Տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնության դեպքերի ավելի քան 40 տոկոսի մասին երեխաները որևէ մեկին ընդհանրապես չեն պատմել, և դեպքերի 1 տոկոսից պակասն է հաղորդվել իրավասու մարմիններին, այդ թվում՝ ոստիկանությանը, սոցիալական աշխատողներին կամ աջակցության թեժ գծերին։ Ընդհանուր առմամբ, լռելու ամենատարածված պատճառն այն է եղել է, որ երեխաները չգիտեին՝ ուր դիմել կամ ում պատմել տեղի ունեցածի մասին։ Ուսումնասիրված որոշ երկրներում դեպքերի մասին չհայտնելու ցուցանիշն ավելի բարձր է եղել, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ դեպքերի կեսից ավելիի մասին երեխաները ոչ մեկին չեն հայտնել։
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

