Թրամփը ողջունում է Ռուսաստանի վերադարձը G20, Եվրոպան դա չի ընդունում․ POLITICO

Աշխարհի առաջատար տնտեսական պաշտոնյաների հավաքին Ռուսաստանին կրկին ընդհանուր շրջանակ վերադարձնելու Թրամփի վարչակազմի որոշումը նոր լարվածություն է առաջացնում եվրոպացի դաշնակիցների շրջանում, որոնք ցանկանում են շարունակել Մոսկվայի մեկուսացումն՝ Ուկրաինայում վարած պատերազմի պատճառով․ գրում է POLITICO-ն։  

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը երկուշաբթի ներկա է եղել ԱՄՆ-ում անցկացվող G20 բանակցությունների առաջին օրվան։ Գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անձնական հանդիպում է ունեցել Սիլուանովի հետ։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները դեմ էին Սիլուանովի մասնակցությանը, և ռուս պաշտոնյային հանդիպմանը ներգրավելու որոշումն իրարանցում է առաջացրել մասնակիցների խմբային լուսանկարի պլանավորման հարցում։

«Գագաթնաժողովի քարտուղար Բեսենթն արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի ֆինանսների նախարարի հետ», – POLITICO-ին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության միջազգային հարաբերությունների գծով փոխնախարար Էրին Բրաունը։

Բեսենթը «նրան փոխանցել է, որ պատերազմը պետք է ավարտվի, և մենք ցանկանում ենք տեսնել խաղաղ արդյունք»։

Ֆինանսների նախարարության խոսնակը նշել է, որ երկուսն էլ քննարկել են «Թրամփի խաղաղության և տնտեսական աճի ծրագիրը»։

Բրաունի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը Սպիտակ տան կողմից կայացված որոշում էր:

Թրամփն այդ առիթով նշել է․ «Մենք սիրում ենք բոլորի հետ լեզու գտնել։ Ես այդքան հաջողակ եմ, քանի որ բոլորի հետ լեզու եմ գտնում»։

Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլն էլ հստակեցրել է, որ «չի լուսանկարվի Ռուսաստանի ֆինանսների նախարարի հետ»։ Քլինգբեյլի խոսքով՝ ինքը համակարգել է իր դիրքորոշումը եվրոպացի այլ պաշտոնյաների հետ։

«Եվրոպացիների միասնական մոտեցումը, ի վերջո, նշանակում էր, որ խմբային լուսանկարը տեղի է ունեցել առանց Ռուսաստանի ֆինանսների նախարարի և առանց ռուսական պատվիրակության», – նշել է նա։

Բանակցությունների ժամանակ Քլինգբեյլն օգտվել է առիթից՝ «Ռուսաստանի ֆինանսների նախարարի ուղիղ դեմքին ասելու», որ Ռուսաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ։