Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է մեկ տոկոս. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բյուջեի ձևավորմանն ուղղված մուտքերի մեջ Հայաստանի բաժինը կազմում է 1 տոկոսից փոքր-ինչ ավելի։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայաստանին բաժինն ընկնում է հնգյակի երկրներից կատարվող բոլոր մուտքերի 1 տոկոսից մի փոքր ավելին»,-ասել է Աղասանդյանը։

Աղասանդյանի հայտարարությունը հնչել է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերի ֆոնին։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել էր Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, իսկ ապրիլի 4-ին այն ստորագրել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Միաժամանակ, 2026 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների առաջնորդները հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցով։ Նրանք նաև հանձնարարել էին գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր փոփոխության հետևանքները։

Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմամբ՝ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային համակարգերին հնարավոր չէ։ Մոսկվան բազմիցս նշել է, որ Երևանի եվրոպական ինտեգրման ուղու խորացումը կարող է պահանջել ընտրություն գործող ինտեգրացիոն միավորումների միջև։

Հայաստանը, սակայն, շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։ Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր ներմուծման մաքսատուրքերի բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված գումարը կազմել է մոտ 175 միլիոն դոլար։