Հայաստանում կթարմացվեն մեխանիկական ականազերծման չափորոշիչներն ու ընթացակարգերը

Ս․թ․ օգոստոսի 10-14-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը մասնակցել է «Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի» (ԺՀԱՄԿ) կողմից կազմակերպված Տեխնիկական աշխատանքային խմբի աշխատաժողովին, որն անցկացվել է Եվրոպական միության Արտաքին քաղաքականության գործիքակազմի ծառայության (FPI) աջակցությամբ և ԺՀԱՄԿ-ի հետ համատեղ իրականացվող մեխանիկական ականազերծման նախագծի շրջանակներում։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է մեխանիկական ականազերծման վերաբերյալ հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների (ՀԱԳԱՉ) վերանայման և թարմացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, տեխնիկական պահանջներն ու գործառնական փորձը։

Աշխատաժողովի ընթացքում իրականացվել է նաև ծավալուն աշխատանք՝ MV-4 և MV-10 հեռակառավարվող մեխանիկական ականազերծման մեքենաների կիրառմամբ ականազերծման գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման ուղղությամբ։

Աշխատաժողովի արդյունքում մշակված որոշումների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն լիազոր մարմնին՝ հետագա քննարկման և համապատասխան գործընթացների իրականացման նպատակով։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Եվրոպական միության Արտաքին քաղաքականության գործիքակազմի ծառայությանը (FPI)՝ ցուցաբերած աջակցության, ինչպես նաև «Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի» (ԺՀԱՄԿ) ներկայացուցիչներին՝ աշխատաժողովի կազմակերպման, մասնագիտական փորձի փոխանակման և մեխանիկական ականազերծման ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։