Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում

Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հրդեհ է բռնկվել 40 հազար քառակուսի մետր տարածքում։ Նախնական տվյալներով՝ Wildberries-ի մեկ աշխատակից տուժել է։

Wildberries-ի մյուս աշխատակիցները դեպքի վայրից տարհանվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 426 անօդաչու թռչող սարք։

Նշենք, որ ուկրաինական հարվածների հետևանքով վերջին շրջանում տուժել են ՌԴ տարբեր շրջաններում գտնվող Wildberries-ի պահեստներ՝ հանգեցնելով ֆինանսական զգալի կորուստների։