Պենտագոնը վերանայում է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայումը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այդ մասին X-ում հայտնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։

Նրա խոսքով՝ վերանայման նպատակն է, որպեսզի ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն մայրցամաքի պաշտպանության համար, իսկ դաշինքը վերածվի ավելի արդյունավետ ռազմական կառույցի։

Քոլբին նշել է, որ փոփոխությունները կհամապատասխանեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և պաշտպանության նոր ռազմավարություններին և կներառեն մի շարք տարբերակներ՝ հիմնված աշխարհաքաղաքական և ռազմական իրողությունների գնահատման վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բազմիցս քննադատել են եվրոպացի դաշնակիցներին՝ պնդելով, որ նրանք տարիներ շարունակ բավարար միջոցներ չեն հատկացրել պաշտպանությանը։

Անցած տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանության հիմնական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3.5 տոկոսի, ևս 1.5 տոկոս էլ հատկացնել պաշտպանությանն առնչվող այլ կարիքների։ Մինչ այդ դաշինքի նպատակային ցուցանիշը ՀՆԱ-ի 2 տոկոսն էր։