Ինչու է արգելված «Արցախ» բառը․ «Առավոտ»
«Առավոտ»․
Ավտորիտար ռեժիմներն արգելում են այն գաղափարները, որոնք սպառնում են իրենց ամրությանը
Խոսքի ազատության (եւ դրա սահմանափակման) պատմության ուսումնասիրությունը, իհարկե, շատ ուսանելի է: Այդ առումով հատկապես ուշադրություն են գրավում արգելված գրքերի ցուցակները: Օրինակ, Վատիկանը 16-րդ դարի կեսից հրատարակում էր այդպիսի ցուցակներ, եւ մի քանի հարյուրամյակների ընթացքում «վնասակար» եւ «պիղծ» է համարվել ավելի քան 5200 գիրք: Հետաքրքիր է, որ այդ արգելքը պաշտոնապես հանվել է միայն 1966 թվականին: Մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ 16–րդ դարում, Անգլիայի թագավոր Հենրի 8-րդն իր հրովարտակներով արգելում էր մի քանի տասնյակ գիրք՝ ընդ որում այդ ցուցակը փոփոխվում էր թագավորի կրոնական-քաղաքական հայացքների փոփոխությանը զուգահեռ: Ռուս բոլշեւիկներն առաջին այդպիսի ցուցակը հրապարակել են 1922 թվականին՝ իշխանության գալուց 5 տարի անց: Եվ այդ իրավիճակը շարունակվում էր տասնամյակներ: Կար ոչ միայն գրաքննություն, այլեւ արգելվում էին արդեն իսկ հրատարակած գրքերը. պարբերաբար գրադարաններից եւ գրախանութներից առգրավվում էին գրքեր, որոնց հեղինակներն իշխանությանը այս կամ այն պատճառով սկսել էին դուր չգալ: Ցանկացած տոտալիտար կամ ավտորիտար իշխանություն արգելքներ է դնում այն բառերի, այն արտահայտությունների վրա, որոնք, այդ իշխանության կարծիքով, կարող են վտանգավոր լինել: Հայաստանի իշխանությունը բացառություն չի: Բայց մեր յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հայաստանում արգելքների հրահանգներն, ըստ էության, գալիս են դրսից. անցանկալի, հետապնդելի են այն պատմությունները, այն ձեւակերպումները, այն տեղանունները, որոնք տհաճ են Ադրբեջանի ղեկավարության համար: Ընդ որում, այդ հարցում չկա փոխադարձության սկզբունք. Ադրբեջանի պաշտոնյաները կարող են հնչեցնել մեր՝ հայերիս հասցեին ցանկացած վիրավորանք: Ասել, որ նման բան երբեք համաշխարհային պատմության մեջ չի եղել, իհարկե, չափազանցություն կլինի: Մասնավորապես, երբ այս կամ այն երկիրը պարտվում է պատերազմում, կապիտուլյացիայի է ենթարկվում, հաղթող կողմը սահմանափակումներ է դնում պարտվողի կյանքի մի շարք ոլորտների վրա՝ նաեւ այն նարատիվների վրա, որոնք կարող են ընկալվել որպես «ռեւանշիզմ»: Օրինակ, 1940-44 թվականներին Ֆրանսիայում «վիշիստական ռեժիմը» փաստացի իրականացնում էր նացիստական Գերմանիայի քաղաքականությունը՝ չնայած ձեւականորեն կոչվում էր «ֆրանսիական»: Պարտադրված սահմանափակումները տարածվում էին նաեւ գրավոր ու բանավոր խոսքի վրա: Բայց նույնիսկ այս հարցում ժամանակակից Հայաստանն առանձնանում է, որովհետեւ Հիտլերը չէր պահանջում ջնջել ֆրանսիական պատմության այն մասը, որը վերաբերում էր այդ ժողովրդի հերոսական էջերին՝ այն էջերին, որոնք վկայում են ֆրանսիացիների արժանապատվության դրսեւորումները: Փաշինյանի կոլաբորացիոնիստական իշխանության առաջ Ադրբեջանն, ըստ ամենայնի, նման պահանջ դնում է, եւ քանի որ ՔՊ առաջնորդի՝ աթոռ պահելու հիմնական երաշխավորը Ալիեւն է, նա ստիպված է այդ պահանջները կատարել: Ահա թե ինչու են պաշտոնապես արգելված «իրական Հայաստանին» (իսկ իրականում՝ Ալիեւի պահանջներին) հակասող բառեր՝ «Արցախ», «Արարատ», «ցեղասպանություն», «Սարդարապատ»…: Դրանք, հասկանալի է, բառեր չեն, այլ պատումներ են, որոնք Ադրբեջանի կողմից մերժվում են, համարվում են «ռեւանշիստական»: Եվ, համապատասխանաբար, Փաշինյանի կողմից հռչակվում են «պատերազմ հրահրող», իսկ իրականում՝ ՔՊ առաջնորդի աթոռը խարխլող: Հենց այդ պատճառով էլ նա, ինչպես եւ հայտարարել է, խստորեն հետեւելու է, որ դպրոցներում ու բուհերում որեւէ բառ չասվի, որը հակասում է «իշխող գաղափարախոսությանը»: Արգելված բառերի ցուցակը, բնականաբար, օրեցօր համալրվելու է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

